Արցախ

ՊԲ-ն պարզաբանել է սպայի կողմից զինծառայողների ծանրոցները պատուհանից դուրս նետելու լուրերը

2 րոպեի ընթերցում

ՊԲ-ն պարզաբանել է սպայի կողմից զինծառայողների ծանրոցները պատուհանից դուրս նետելու լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին , որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պարզաբանումը.

«Դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը: Հարկ ենք համարում նշել, որ նախքան տվյալ հրապարակումը, միջադեպի իսկությունը ստուգելու համար անհապաղ նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են միջադեպի բոլոր հանգամանքները:

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կարգը սահմանված է ՊԲ հրամանատարի կարգադրությամբ: Զինվորական ծառայության անվտանգության ապահովման և զինծառայողների առողջությունը պահպանելու նկատառումներից ելնելով` սահմանված են այն առարկաներն ու պարենը, որոնց առաքումը զորամաս կտրականապես արգելվում է, այդ թվում արգելվում է նաև ծանրոցներում շուտ փչացող սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի առկայությունը:

Ստորաբաժանման հրամանատարը, հայտնաբերելով, որ, չնայած նախկինում իր հնչեցրած բազմաթիվ զգուշացումներին, զինծառայողների ծանրոցներում առկա են ալկոհոլային խմիչք և փչացած սննդամթերք, ցուցաբերել է անհարկի տաքարյունություն և արգելված ապրանքները սահմանված կարգով ոչնչացնելու փոխարեն, դրանք դուրս է նետել պատուհանից:

Հաշվի առնելով ստորաբաժանման հրամանատարի կողմից դրսևորած ոչ պատշաճ վերաբերմունքը տեղ գտած դեպքի կապակցությամբ, վերջինս՝ զորամասի հրամանատարի որոշմամբ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

ՊԲ հրամանատարությունը կատարվածի առիթով համապատասխան ցուցումներ է տվել ենթակա օղակի բոլոր հրամանատարներին հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ և հայցում է հանրության ներողամտությունը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում