Ուզում ենք Ամանորը դարձնել հանրային տոն. Վարչապետն անդրադարձավ 270 մլն դրամ հատկացնելու որոշմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ ամանորյա միջոցառումների համար 270 մլն դրամ հատկացնելու որոշմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Վարչապետը նշեց, որ որոշման հիմքում երկու հայեցակարգային որոշում է դրված: «Առաջինը՝ մենք պայմանավորվել ենք, որ մեր քաղաքականությունը պետք է միտված լինի հնարավորություններ ստեղծելուն և ընդլայնելուն: Այս առումով մենք պետական միջոցների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որպեսզի ծախսված միջոցներն ավելի մեծ ավելացված արժեք բերեն: Երկրորդ՝ մենք խնդիր ենք դնում, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի: Վերջին տարիներին թրենդ էր դառնում, որ մարդիկ նախընտրում էին Ամանորը նշել Հայաստանից դուրս, որովհետև Ամանորը նշելու այն պայմանները, որ կան Հայաստանում, մարդկանց համար ստեղծում են բազմաթիվ անհարմարություններ»,- նշեց Վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք ուզում են Ամանորը դարձնել իրոք հանրային տոն, որտեղ հանրությունը միասին նշելու հարթակ ունի: «Նաև Ամանորը ավելի շատ տրամադրության տոն դարձնել, քան ուտելիքի, որը հետո վերածվում է որոշակի դեպրեսիվ վիճակների: Մենք աշխատել ենք, որ տոնի մշակութային մասը լինի բավական աշխույժ: Ամանորից առաջ մեր ընտանիքները կանգնում են երկընտրանքի առջև, թե ինչի վրա ծախսեն գումարը: Այս երշիկից գնել, թե չգնել կամ որքան գնել: Ես առաջարկում եմ այս մտածումների փուլում ուղղակի որոշում կայացնել և Ամանորի առիթով հարազատներին, ընկերներին, բարեկամներին (մշակութային միջոցառումների-խմբ.) տոմս նվիրել, տոմս գնել և նվիրել»,- ասաց Վարչապետը: