ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի տրամադրած նախնական տեղեկություններով՝ գիշերը խմբագրություն ներխուժած անհայտ անձինք ոչինչ չեն գողացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թովմասյանն ասաց դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում:
«Նախնական տեղեկությամբ ոչինչ չեն տարել, բայց հնարավոր է, որ ինչ-որ փաստաթուղթ փնտրենք, տեսնենք, որ չկա: Հիմա ոստիկանությունը ներսում տեղանքի զննություն է իրականացնում, բայց նախնական վարկածով` ոչնչի ձեռք չեն տվել»,- ասաց Թովմասյանը:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը նշեց, որ առավոտյան խմբագրությունը գտել են տակնուվրա արված վիճակում:
«Սա լրատվամիջոցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ակնհայտ քայլ է: Անհայտ անձինք բոլոր դարակները տակնուվրա են արել, բոլոր տուփերը բացել, բայց առաջին հայացքից ոչինչ չեն տարել: Մեր աշխատակիցներից մեկի դարակում եղել է գումար, բայց գումարը մնացել է տեղում»,- նշեց Մանուկյանը:
Այս պահին խմբագրությունում գործողություններ են իրականացնում ոստիկանության աշխատակիցները: Անհայտ անձինք «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ներխուժել գիշերը: