Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներսես Խառատյանը ընթերցողների սեղանին դրեց «Հովտաշուշան» սիրային պատմությունը

Ներսես Խառատյանը ընթերցողների սեղանին դրեց «Հովտաշուշան» սիրային 
պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանը, որը մի շարք մրցանակների է արժանացել դետեկտիվ ժանրի ստեղծագործությունների համար, ընթերցողներին ներկայացրեց «Հովտաշուշան»  գործը, որը պատմություն է հավիտյանս հառնող  սիրո մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Հայաստանի գրողների միությունում:

«Սա պատմություն է զույգի մասին, որի միությունն այդպես էլ չի կայացել: Այն ինքնակենսագրական վեպ է. խոսքերով դժվար է փոխանցել, անպայման անհրաժեշտ է կարդալ: Թվում է` սիրո մասին շատ են խոսում, և այն այժմեական չէ, բայց աշխարհը սիրո վրա է կառուցված, հատկապես կնոջ ու տղամարդու սիրո»,-ասաց Խառատյանն ու հավելեց, որ այդ պատմությունը միշտ իր մտքում էր և վաղ թե ուշ պետք է գրվեր:  

Հեղինակը շեշտեց, որ գրքի հերոսուհին ներկա է իր գրեթե բոլոր ստեղծագործություններում. նա ոգեշնչման աղբյուր է, մուսա:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով` Խառատյանի մասնագիտությունը, կենսակերպը նպաստել են, որ նա իր ուսումնասիրությունների հիման վրա ստեղծի մարդկանց հետաքրքրող սյուժեներ, որոնք վերաբերում են իրավական, հանցագործ աշխարհին: «Սիրային վեպերը հանրությանը շատ են հետաքրքրում, հատկապես երբ առկա են սիրային ինտրիգներ, գյուտեր և այլն, բայց Խառատյանի գործերում գրավում է նաև այն, որ կենցաղով համեմված պատմություններ ներկայացնելիս հաճախ կիրառում է աֆորիստիկ մտքեր, որոնք ասես պատմությունների գագաթները, եզրակացությունները լինեն»,-ընդգծեց Միլիտոնյանը` գրքից մեջբերելով հետևյալը. «Կյանքում մարդուս ուղեկցող հանգամանքները հաճախ շատ ավելի ուժեղ են, քան մարդն ինքը»:

Ներսես Խառատյանը ծնվել է 1947 թվականին Մեղրու շրջանի Մեղրի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։ Խառատյանի արձակ և չափածո ստեղծագործությունները պարբերաբար տպագրվում են հանրապետական գրական մամուլում և հանդեսներում: Նրա որոշ գործեր թարգմանվել են ռուսերեն:

Հեղինակի հայտնի երկերը. «Թռիչք ժամանակից դուրս», «Ո՞վ սպանեց Էլենին», «Խաղ մահվան հետ», «Դու հրաշք էիր, կյանք», «Կարոտի երգեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am