Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Red Apple գովազդի միջազգային փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է մրցանակներ

Red Apple գովազդի միջազգային փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն 
նվաճել է մրցանակներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնվելով միանգամից երեք shortlist-ում, Doping Creative Agency-ի ներկայացրած #Բավականէ սոցիալական արշավն արժանացավ միջազգային ժյուրիի բարձր գնահատականին և ստացավ մեկ ոսկի՝  Advertising for good անվանակարգում և երկու բրոնզ՝ Advertising Excellence և Creative use of media անվանակարգերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում անցկացվող ամենամյա Red Apple գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին։

Հիշեցնենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց #Բավականէ (#Bavakane) սոցիալական գովազդի արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping ընկերությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Արշավի անվանումն ու պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ պատահական չէր ընտրված։ «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցավ նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվեց խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Արշավը շատ արագ տարածվեց համացանցում և գրավեց մամուլի ուշադրությունը, առաջացրեց լայն դիսկուրս խնդրի շուրջ, իսկ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ Doping Creative Agency-ն ստացավ նամակ երեք աղջիկների մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։

Doping Creative Agency-ի հաղթանակը մեծ նվաճում է ոչ միայն հայկական գովազդային ոլորտի համար, այլև չափազանց կարևոր քայլ՝ այս խնդրի առավել լայն բարձրաձայնման տեսանկյունից։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ