Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում արձանների և հուշատախտակների դեմ պայքարը
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում արձանների և հուշատախտակների դեմ պայքարը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Քոչարյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին և Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:
«Ես կարծում եմ, որ թե արձանների, թե հուշատախտակների դեմ պայքարն ուղղակի անընդունելի է»,- ասաց Քոչարյանը:
Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:
Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում