1000х90.jpg (78 KB)

Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում արձանների և հուշատախտակների դեմ պայքարը

Armenpress 13:39, 3 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անընդունելի է համարում արձանների և հուշատախտակների դեմ պայքարը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Քոչարյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին և Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

«Ես կարծում եմ, որ թե արձանների, թե հուշատախտակների դեմ պայքարն ուղղակի անընդունելի է»,- ասաց Քոչարյանը:

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: «Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ կարմիրով ներկել է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը:

Անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ  վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։

«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունն իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,- ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am