Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայկուհի Հարությունյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Հայկուհի Հարությունյանն  ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը  ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն էին դրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած թեկնածու Էդգար Շաթիրյանը։

Նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց մոտեցումները կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ։

Հայկուհի Հարությունյանը և Էդգար Շաթիրյանը միակարծիք էին` անկախ նրանից, թե ով կընտրվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, կարևոր է թիմային և միասնական աշխատանքը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի,  Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Հինգն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին խորհրդարանի կողմից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում և լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների և դատախազների) էթիկայի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ., վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը, հրապարակում է հայտարարագրերը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am