Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց անշարժ գույքի վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի պարզեցնել ընթացակարգերը, հող և գույք կամ շինություն հասկացությունները միացնել և որպես մեկ՝ ամբողջական գույքի  մասով հարկում իրականացնել, ունենալ շուկայականին մոտ կադաստրային գնահատման համակարգ և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն նոյեմբերի 19-ի խորհրդարանի նիստում ընդունվեց 77 կողմ, 12 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև ունենալ անշարժ գույքի հարկման տարբերակված մոտեցում և ավելացնել հարկային մուտքերը, որոնք կստացվեն հատկապես բարձրարժեք գույքերի  կադաստրային գնահատման արդյունքում:

Օրինագծով նախատեսված է.

1) գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման,

2) անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում,

3) գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում,

4) անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում,

5) անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ