Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ հավաքում

  ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլ են անում և ստորագրություններ 
հավաքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մի մասը դասադուլ է իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասադուլի կազմակերպիչներից, ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ակցիան նախազգուշացնող բնույթ է կրում:

«Սա ուղղակի նախազգուշական ակցիա է, նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Նախարարին էլ կոչ եմ անում նման որոշում կայացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ: Եթե մարդու ոտքը ցավում է, այդ ոտքը բուժում են, ոչ թե կտրում»,- ասաց Գյուլումյանը։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դասադուլի հետ կապված որևէ մանրամասն տեղեկություն չունի: «Մեր լրագրողն այս պահին դեպքի վայրում է, սպասում ենք, որ գա, որպեսզի մենք էլ տեղեկանանք, թե ինչ է կատարվում: Դասերի ավարտից հետո կարող ենք ասել, թե ուսանողներից քանիսն են մասնակցել դասադուլին»,- ասաց Էմին-Տերյանը: Նա նշեց, որ իր տեղեկություններով դասադուլի միացել են նաև ֆակուլտետի մի քանի դասախոսներ:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին զբաղված է, և չի կարող պատասխանել մեր հարցերին:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սամվել Եղիազարյանը ներկայացրեց ուսանողական ևս մեկ ակցիա. Հայաստանի տարբեր բուհերի շուրջ 700 ուսանող պատրաստվում է բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ նպատակով ստորագրահավաք են կազմակերպել:  «Նամակին կցելու ենք նաև ստորագրությունները: Ստորագրահավաքին այս պահին միացել է շուրջ 700 ուսանող, որոնց թվում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի բոլոր ուսանողներն են, Պատմության ֆակուլտետից ուսանողներ կան, այլ բուհերի ուսանողներ ևս»,-ասաց նա:

Սամվել Եղիազարյանը հայտնեց, որ իրենք ստորագրություններն ու բաց նամակը բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկեն մոտ օրերս, իսկ իրենց ստորագրահավաքին զուգահեռ նման ակցիա է իրականացվում նաև դասախոսների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]