Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակում կասկածյալ չկա

 Զենքի մատակարարման մրցույթի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակում 
կասկածյալ չկա

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթում կեղծ պատճառաբանություններով ռուսական «Օրսիս Արմս» ընկերության հայտը մերժելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիմումում նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց՝ այս պահին ներգրավված կասկածյալ կամ մեղադրյալ անձ չկա:

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հերքել է «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանը պատրաստվում է բողոքի նոտա ուղարկել Հայաստանին՝ զենքի մրցույթի տապալման համար: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, թե Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված գրություն էր պատրաստել, որում մասնավորապես նշվել էր, որ ռուսական «ՕՐՍԻՍ»-ի հայտը մրցույթում մերժվել է առանց պատճառաբանության: Լրատվամիջոցի աղբյուրի տեղեկություններով՝ գրությունն արդեն փոխանցվել էր ՌԴ արտգործնախարարությանը և պետք է ուղարկվեր Հայաստան՝ հորդորելով դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների ընդունման վերաբերյալ: Այդուհանդերձ, ՏԱՍՍ գործակալությունն արդեն հերքել է ՌԻԱ-ի հրապարակումը:

Օգոստոսին ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով  (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) նախատեսված հանցագործության հատկանիշներով օգոստոսի 17-ին հարուցվել էր քրեական գործ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am