Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Երևանում քննարկվեցին հայկական լրատվական ցանցի զարգացման ուղիները

Երևանում քննարկվեցին հայկական լրատվական ցանցի 
զարգացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անթիլիասում կայացած մամուլի համահայկական խորհրդաժողովի արդյունքների ամփոփման, ինչպես նաև համաժողովի կողմից նախանշված աշխատանքների շարունակության նպատակով «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, խորհրդաժողովի աշխատանքների շարունակականության ձևաչափի մշակման պատասխանատու Շահան Գանտահարյանի  նախաձեռնությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցավ Հայկական միջազգային մամուլի համաժողովի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդակցության օրակարգում  հայկական լրատվամիջոցների համատեղ աշխատանքի, ինչպես նաև Հայկական միջազգային լրատվական գործակցության հնարավոր բանաձևերի և մոդելների քննարկումն էր։

«Արամ Ա կաթողիկոսի կողմից հռչակված հայ մամուլի տարվա շրջանակներում կայացավ կարևոր խորհրդաժողով, որի նպատակը համահայկական լրատվական միջավայրի դերի ու նշանակության արժևորում էր ժամանակակից իրողությունների պայմաններում, և այս հանդիպումը նախանշված աշխատանքների առաջին քայլն է»,- նշեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։



Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակություն հայկական մամուլի հաջորդ խորհրդաժողովների անցկացման ձևաչափերի ու բովանդակության հետ կապված։

«Կարծում եմ, որ համահայկական խորհրդաժողովները չպիտի պարփակվեն բացառապես մեր ներքին բովանդակությունների ու խնդիրների քննարկման, այլ պետք է ներառեն ավելի լայն հարցերի շրջանակ, պիտի անցկացվեն բոլոր, նաև՝ միջազգային լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողների ներգրավմամբ, ներառեն այլ ժողովուրդների լրատվական ցանցերը՝ մեր կարողություններն առավել ամրապնդելու նպատակով»,- ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն՝ անդրադառնալով քննարկումների ընդլայնման ձևաչափին։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև լրատվական համաժողովների բովանդակային հիմնահարցերին։ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ ապագա քննարկումների կիզակետում պետք է լինեն առավելապես լրագրողական համայնքին հետաքրքրող հարցեր։

«Իմ համոզմամբ, մեր քննարկումները պետք է ունենան առավել շեշտված մասնագիտական բովանդակություն, ինչն առավել արդյունավետ կդարձնի մեր կարողությունները, ինչպես նաև նոր լիցք կհաղորդի հայկական լրատվամիջոցների զարգացման ծրագրերին։ Այդ ամենը շատ կարևոր է տեխնոլոգիապես զարգացող արագ փոփոխվող աշխարհում»,- ընգծեց Սաթիկ Սեյրանյանը։

Քննարկման մասնակիցները կարևորեցին Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Հայ մամուլի համահայկական համաժողովի անցկացման փաստն ու համաժողովի արդյունքները։ «Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությունը կարևոր էր այն իմաստով, որ նոր մեկնարկ է տրվում համահայկական արժեքավոր ավանդույթի, որը մեկտեղելով ողջ հայկական լրատվադաշտի ներուժը, թարմ լիցք հաղորդեց լրատվական համահայկական քննարկումներին, ու այս առումով Արամ Ա կաթողիկոսի շնորհակալ նախաձեռնությունը խիստ ողջունելի է»,- հավելեց «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Քննարկման արդյունքում որոշվեց շարունակել հանդիպումներն ավելի լավ ու համընդգրկուն օրակարգով ու ձևաչափով։

2019թ. հուլիսի 2-4-ը Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայ մամուլի համահայկական համաժողով, որն անցկացվեց Կաթողիկոսության կողմից 2019թ. «Հայ մամուլի տարի» հռչակելու շրջանակներում։ Համաժողովին մասնակցում էր Հայաստանից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից շուրջ 100 լրատվամիջոցի ներկայացուցիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am