Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հեռավար ուսուցում մարզերի դպրոցներում. Պիլոտային ծրագիրը մեկնարկում է Արարատում, Գեղարքունիքում

Հեռավար ուսուցում մարզերի դպրոցներում. Պիլոտային ծրագիրը մեկնարկում է 
Արարատում, Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը նշեց, որ այս նախաձեռնության առիթը դպրոցներում ուսուցիչների պակասի խնդիրն է:   

«Այսօր շատ գյուղերում, հատկապես հեռավոր համայնքներում տևական ժամանակ ուսուցիչների թափուր աշխատատեղերի թիվը չի լրացվում: Մրցույթներ հայտարարվում են, սակայն ուսուցիչներ չեն գտնվում: Մոտավորապես, կարող ենք ասել, որ 500 դպրոցում տաբեր առարկաներից ուսուցչի թափուր տեղերը պարբերաբար չեն լրացվում: Թափուր տեղերը հիմնականում բնագիտական առարկաներից են՝ ֆիզիկա, քիմիա և այլն: Ահա այս նոր նախաձեռնությամբ՝ հեռավոր ուսուցման ծրագրով, փորձում ենք լրացնել այդ բացը»,-ասաց Սուսաննա Ազատյանը:

Համակարգն արդյունավետ գործարկելու համար, այս ուսումնական տարվա համար նախարարության նախաձեռնությամբ սկսում է իրականացվել հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Սուսաննա Ազատյանը նշեց, որ ընտրվել է երկու դպրոց Արարատի մարզի Սիսավանի և Գեղարքունիքի մարզի Անտառամեջի միջնակարգ դպրոցներում: Առաջին դպրոցում չկա քիմիայի ուսուցիչ, երկրորդ դպրոցում՝ ֆիզիկայի: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 10-ից: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ու նախարարությունը հայտարարված մրցույթի արդյունքում ընտրել են անհրաժեշտ ուսուցիչներին: Սովորական նույն դասընթացն է լինելու, պարզապես տեղեկատվական հարթակներ են օգտագործվելու:

«Պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա վեր հանել հեռավար ուսուցման ծրագրի խնդիրները, որպեսզի դրանց լուծման պարագայում, արդեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում ծրագիրն արդյունավետ ամբողջությամբ գործարկվի: Խնդիրները կարող են կապված լինել ինտերնետ ծառայության, համակարգչային հագեցվածության և այլ հարցերի հետ»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Նա նկատեց, որ կրթական հեռավար ուսուցում ապահովելուն զուգահեռ լուծվում է նաև դպրոցների համակարգչային հագեցվածության խնդիրը: Ինչը շատ կարևոր է:

Ներառական կրթության համատեքստում նույնպես խնդիր է լուծում, աջակցություն է այն երեխաներին, ովքեր ինչ-որ մի փուլում տնային պայմաններում ուսուցում ստանալու անհրաժեշտություն ունեն:

Նախարարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ այս ծրագիրը չի ենթադրում, թե հեռավոր գյուղեր ուսուցիչներ ուղղորդելու գործընթաց չի լինելու: Ընդհակառակը, այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են, պարզապես հեռավար ուսուցումը կլինի զուգահեռ, որպեսզի ուսուցիչների պակասի խնդիրը մեղմվի:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am