Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի 
ունեցել. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում: Աբրահամյանը նաև հերքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին՝ իբր մահից առաջ Հայկ Հարությունյանը վկաներին ասել է, թե Գլխավոր դատախազի կողմից իր վրա եղել են սուտ ցուցմունք տալու ճնշումներ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Աբրահամյանի հայտարարությունը.

«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:

Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:

Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ:

Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:

Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկը լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am