Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Քաղաքացին պետք է իմանա իր իրավունքները և չմոռանա պարտականությունների մասին. Հայկ Մարության

Քաղաքացին պետք է իմանա իր իրավունքները և չմոռանա պարտականությունների 
մասին. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անկախ պետության հիմքը համարում է  հենց քաղաքացուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս մասին ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակը հանձնելիս:

«Անկախությունն օդի պես մի բան է, այսինքն՝ բնականոն շնչում ես, բայց չես էլ զգում, թե ինչ է: 28 տարի առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ կլինենք անկախ: Այդ ժամանակ մեր երկիրն արդեն տեսել էր երկրաշարժ, պատերազմում էր, բազում դժվարություններ կային, սակայն անկախ այդ ամենից՝ բոլորը միահամուռ կերպով գնացին և քվեախցիկներում վերահաստատեցին, որ պետության համար աշխարհում ամենակարևոր բանը անկախությունն է»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ հենց այդտեղ է սկսվել ամենադժվարը, երբ մարդիկ դարձել են քաղաքացիներ: Երևանի քաղաքապետը նկատեց, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունքներ, որոնք պետք է պաշտպանի, բայց նաև պետք է չմոռանա, որ ունի նաև պարտականություններ:   

«Յուրաքանչյուր քաղաքացի կերտում է իր պետությունը, որը կարող է հզոր լինել միայն իր քաղաքացիներով: Այստեղ անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը  հենց այդ քաղաքացիների մասին է, ովքեր հասկացել են իրենց պարտականությունները: Մենք այսօր անուն-ազգանուններով ճանաչում ենք այդ հերոսներին»,- ասաց Հայկ Մարությանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am