Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ
17:54, 17 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-բրիտանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ջուդիթ Ֆարնուորթին հետագա գործունեության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում