Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան. «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրենի հարցազրույցը

Հայաստանը  կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան. «Թեղուտ» ՓԲԸ 
գործադիր տնօրենի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու` Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ  ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում, ինչպես «ՀՀ» թղթակցին հայտնեց ընկերության Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկված է ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նախատեսված նվազագույն բյուջեի սահմաններում: Անհավատալի կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ձևավորել երիտասարդ և միևնույն ժամանակ հմուտ թիմ, ներգրավել ազդակիր համայնքի բնակիչներին, ինչով զգալիորեն նվազեցրել ենք տարածաշրջանում առկա սոցիալական բեռը: Աշխատում ենք նախագծային և լիազոր մարմնի կողմից տրված շահագործման թույլտվության` տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման և վերամշակման սահմաններում` բարձր կորզման գործակցով: Այս պահին ունենք շուրջ 950 աշխատակից, որոնցից ավելի քան 91% Լոռու մարզի բնակիչներն են, ինչը հանդիսանում է մարզի ծավալով զգալի սոցիալական խնդրի լուծում: Նաև աջակցում ենք Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետևանքով աշխատանքից զրկված աշխատակիցներին՝ նրանցից 50-ին ներգրավելով աշխատանքի «Թեղուտ»  ՓԲԸ-ում: Ազդակիր համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում՝ Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցությամբ ֆինանսավորում ենք պտղատու այգիների տնկման ծրագիրը՝ հետագայում համայնքի բնակիչներին հանձնելու պայմանով: Վերջին 3-4 տարիների ընթացքում Ընկերությունը ֆինանսավորել և տնկել է մոտ 45 հա պտղատու այգի: Դեռևս չվերագործարկված Ընկերությունը վարում էր և վերագործարկումից հետո շարունակում է վարել ակտիվ սոցիալական ուղղվածության գործունեություն`անընդմեջ աջակցելով ազդակիր համայնքում տարաբնույթ խնդիրների լուծմանը, որոնցից են Շնող խոշորացված համայնքի փողոցային լուսավորության անցկացման ֆինանսական աջակցությունը, համայնքի (Շնողի, Թեղուտի և Քարկոփի) դպրոցների,  մանկապարտեզների, մշակույթի տների, մանկական խմբակների արդիական խնդիրների լուծումները, ինչպես նաև տոների կապակցությամբ համայնքի երեխաներին Ընկերության կողմից ուղղվող աջակցությունը՝ դրամական պարգևների և/կամ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման միջոցով»:

 

Հայաստանը  կարող է ունենալ ժամանակակից պղնձաձուլարան:

«Թեղուտ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի կարծիքով Հայաստանն առանց արդյունաբերության չի կարող համաչափ զարգանալ: «Հաշվի առնելով Հայաստանում արտադրվող խտանյութի ծավալը՝ մեր երկրում հնարավոր է կառուցել ժամանակակից ձուլարան: Այս պահին Հայաստանում և Արցախում արտադրվում է մոտ 500 հազար տոննա պղնձի խտանյութ, որը՝ վերահաշվարկելով պղինձ-մետաղի, կազմում է տարեկան մոտ 125 հազար տոննա, ինչը վկայում է Հայաստանում տեղական հումքի առկայության և ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու նպաստավոր պայմանների մասին: Անդրկովկասն ունեցել է մեկ խոշոր պղնձաձուլարան` Ալավերդու պղնձաձուլարանը, որն այս պահին չի շահագործվում: Այս առումով շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, որում իր աշխարհագրական դիրքով պայմանավորված ներառված է նաև Հայաստանը: Այն փաստը, որ  ՉԺՀ պետական ընկերություններն այս ծրագրի շրջանակներում արդեն իրականացրել են հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ Ղազախստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Բելառուսում վկայում է այն մասին, որ այս ծրագրի տեղայնացման գործում Հայաստանը նույնպես պետք է ակտիվ մասնակցություն ունենա, հատկապես՝ ներդրումային համագործակցության տեսանկյունից՝ ներկայացնելով հստակ ներդրումային ծրագրեր:

ՀՀ-ում ներդրումների ներգրավման ծավալները մեծացնելու և առավել գրավիչ դարձնելու համար, պոտենցիալ ներդրողները պետք է Հայաստանում իրենց «պաշտպանված» զգան: Բացի այդ՝ անհրաժեշտ է մեղմել հարկային օրենսդրությունն ու թեթևացնել հարկային բեռը, մասնավորապես` նորաստեղծ ընկերությունների կամ օտարերկրյա ներդրողների համար գործունեության առաջին 3-5 տարիների ընթացքում: Չնայած այդ պարագայում պետական բյուջեն առաջիկա տարիների գործունեության ընթացքում չի ստանա որոշակի գումար, սակայն փոխարենը կգան ներդրողներ, որոնք հետագա տարիների ընթացքում  պետության բյուջե կմուտքագրեն հսկայական գումարներ: Ներդրողների համար գլխավոր նախապայմանները՝ «Խաղի հստակ կանոններն են», ինչպես նաև որոշակիության միջավայրը և արդար դատական համակարգը: Գործարարը պետք է վստահ լինի, որ  խոչընդոտի բախվելիս կարող է իր իրավունքները պաշտպանել վերադաս ատյաններում և/կամ օրենքով սահմանված կարգով»:

Կարեն Ղազարյանը գործարար շրջանակներում ճանաչված է որպես ֆինանսական, ներդրումային և հանքարդյունաբերական ոլորտների հմուտ մասնագետ, ռուսական ներդրումային կազմակերպության տնօրեն (Investment fund), որը Հայասանում  և ԱՊՀ երկրներում իրականացրել է տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ: Հարցին` թե որպես գործարար Հայաստանում ներդրումային ո՞ր ոլորտներն են իրեն հետաքրքրում և կա՞ն արդյոք այլ ոլորտներ, որտեղ պատրաստ է ներդրումներ կատարել՝ պատասխանեց, որ ունի արևային ֆոտովոլտային կայաններ ստեղծելու իր սեփական նախագծերը, որոնցից ներկայում Կոտայքի մարզում կառուցման փուլում է գտնվում 2 մեգավատտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականի 4-րդ եռամսյակում, իսկ հաջորդ ներդրումային ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում 5 մեգավատտ հզորությամբ կայանի կառուցման նախագիծն է:

Կարեն Ղազարյանը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, մագիստրոսի որակավորում է ստացել Նյու Յորքի Սիրաքուզի համալսարանի Մաքսվելի դպրոցում: Վերապատրաստվել է Հարվարդի բիզնես դպրոցում` ընկերությունների ձեռքբերումների և միաձուլումների ծրագրով: Նա նաև «Մասկի» և «Պատանեկան նվաճումներ» ծրագրերի շրջանավարտ է։ Հայաստանում, ԱՄՆ-ում և ՌԴ-ում տպագրված բազմաթիվ հոդվածների և աշխատությունների հեղինակ է և ավելի քան 18 տարի ԱՄՆ-ում և ՌԴ-ում գործունեություն է ծավալել ներդրումային և ֆինանսական ոլորտներում: Դանիայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում Կարեն Ղազարյանին ճանաչում են ընկերությունների ձեռքբերման իր հաջողակ գործարքներով, իսկ Հայաստանում՝ որպես արդյունաբերության ոլորտ տասնյակ միլիոնավոր դոլարներ ներգրաված հեղինակավոր հակաճգնաժամային կառավարչի, ում գլխավորած բոլոր պրոեկտներն ու ձեռնարկություններն իր ղեկավարման ժամանակահատվածում հասել են լավագույն ցուցանիշների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]