Հասարակական

Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Գումարի պակասի պատճառով պետպատվերով վիրահատությունների հերթագրում չի լինի. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բուժհաստատություններին տալիս է բավարար չափով գումար, որ երեխաների համար պետպատվերով վիրահատությունների հերթագրում չլինի, բժիշկները պացիենտից հավելյալ գումար չակնկալեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարության վերջին ծրագրերի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկմանը վստահեցրեց նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետը հետաքրքրվեց երեխաների հիվանդանոցային բուժմամբ: Արսեն Թորոսյանը նշեց, որ կա երկու սցենար: Պլանային վիրահատության դեպքում, երբ, օրինակ, 9 տարեկան երեխայի բուժումը չի տվել ցանկալի արդյունք, կա վիրահատության կարիք, տեղամասային պոլիկլինիկայի մանկաբույժը տալիս է պետական պատվերով ուղեգիր: «Այդ ուղեգրով մոտենալու են հիվանդանոցի ընդունարան: Եվ մեր այս պահի բյուջետային հատկացումները թույլ են տալիս, որ հերթագրումը տեղի ունենա միայն բժիշկների ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով: Գումարի պակասի պատճառով հերթագրում չի լինելու»,-վստահեցրեց Թորոսյանը:

Վարչապետը նկատեց՝ տասնյակ դեպքեր են լինում, երբ անձը պետպատվերով պետք է բուժվի, հերթագրվում է, սակայն ծառայությունը չի մատուցվում, քանի որ ասում են, թե պետպատվերի գումարը վերջացել է:

Թորոսյանը հավաստիացրեց, որ այդ մասով նման խնդիր չկա: Մնացած ծառայությունների մասով էլ էական բարելավում ունեն: «Մենք բուժհաստատություններին այնքան բավարար ֆինանսավորում ենք տալիս, որպեսզի հավելյալ եկամուտ չակնկալեն պացիենտներից, ակնկալելու դեպքում պատրաստ ենք արագ արձագանքել»,-նշեց նախարարը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյոք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում