Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկը. BBC-ի անդրադարձը Մարտի 1-ի դեպքերին
2 րոպեի ընթերցում
![Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկը. BBC-ի անդրադարձը Մարտի 1-ի դեպքերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/984141.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «BBC»-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ:
BBC-ն նշում է, որ քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահների և երկու ազդեցիկ գործարար պատգամավորների անուններ:
2008-ի փետրվար-մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նոր հետաքննությունն արդեն իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հիմքում է: Ըստ լրատվամիջոցի՝ քննության նյութերից պարզ է դառնում, որ քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ուժեր՝ Ղարաբաղից, որոնց ղեկավարել է հրամանատար գեներալ Կարապետյանը(նա այժմ Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ), հարցաքննությունների ընթացքում քննիչները պնդել են, որ նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահականի նկուղում։Քննիչները նաև ստուգում են երկու ազդեցիկ գործարարների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին Երևանում ղարաբաղյան ուժերի կեցությունը: