Ոստիկանապետն անդրադարձել է Ամուլսարի տարածք ներխուժող ակտիվիստների խնդրին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունն ապահովել է Ամուլսարի տարածք ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի վճիռը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ կա հարուցված քրեական գործ, նախաքննություն է իրականացվում:
«Կար դատարանի վճիռ՝ ակտիվիստների ներխուժումը դադարեցնելու, մենք ապահովել ենք դատարանի վճիռը», - ասաց Օսիպյանը։
Նրա խոսքով՝ այս պահին սպասում են փորձագետների եզրակացությանը, և այդ եզրակացության պարագայում արդեն որոշում կկայացնեն։
Ամուլսարի տարածքում քննչական գործողությունների իրականացմանը խոչընդոտելու պատճառով հուլիսի 13-ին քաղաքացիներ են բերման ենթարկվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն «Արմենպրես»-ին հայտնելէր, որ այդ տարածքում պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Տարածքում հավաքված անձինք խոչընդոտել են մի շարք գործողությունների իրականացմանը, ինչի համար կան բաժին բերված քաղաքացիներ»,- ասել է Էդգար Ջանոյանը:
Բնապահպան-ակտիվիստ Շահանե Խաչատրյանն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրելէր, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն փորձել են փորձագետների անցկացնել Ամուլսարի հանքավայրի տարածք, սակայն տեղացիները թույլ չեն տվել դա անել, ինչի հետևանքով լարված իրավիճակ է ստեղծվել: Նա նաև հայտնել էր, որ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն բանակցում են տեղացիների հետ՝ պահանջելով բացել հանք տանող ճանապարհը: