Հասարակական

Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 16:30:

Բողոքը ներկայացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը գտնում է, որ Ռ․ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն իրավաչափ է։ Նրա խոսքով, արգելանք է դրվել քաղաքացիական հնարավոր հայցերով և դատական հնարավոր ծախսերի համար։

Դատական ծախսերն այս պահի դրությամբ չեն գերազանցում 900 հազար դրամը։ Բացի այդ, քաղաքացիական հայց չի ներկայացվել:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նշեց, որ առ այսօր քրեական գործում առկա չէ դատավարական որևէ փաստաթուղթ, որով ներկայացվել է իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքի իրավաչափությունը։ Դատախազների և քննիչի գործողությունների արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում Ռ․ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ:

Անտրամաբանական է նաև, որ անձնագրի հետ միասին առգրավված է Ռ․ Քոչարյանի նույնականացման քարտը, ինչը կարող էր պատճառաբանված լինել միայն նրա կեղծ լինելու դեպքում:

Պաշտպանական կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումն պատճառաբանված և իրավաչափ է, և դատախազների բողոքը ենթակա է մերժման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում