Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Երկու պատգամավորների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությամբ երկրից չհեռանալու արգելքը։
Մարտի 27-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ տվեց համաձայնություն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին՝ քրեական հետապնդում հարուցելու Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կողմ է քվեարկել 67 պատգամավոր, Հովիկ Աղազարյանի վերաբերյալ միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
Տարոն Մարգարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները վերաբերվում են այն ժամանակահատվածին, երբ նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Ըստ դատախազության՝ նա ներգրավված է եղել դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարման գործընթացներում՝ կապված պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ։
Հովիկ Աղազարյանը կասկածվում է խոշոր չափի կաշառքի դիմաց մանր եղջերավոր կենդանիների արտահանման կազմակերպման խոստման, ինչպես նաև այլ գործով՝ 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ, ինչը վերագրվում է Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։