Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոչխարաբույծները 2019-2023թթ. ավելի մատչելի պայմաններով ձեռք կբերեն կենդանիներին

 Ոչխարաբույծները 2019-2023թթ. ավելի մատչելի պայմաններով ձեռք կբերեն 
կենդանիներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության նոր ծրագիր է մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, կառավարության ծրագրի ընդունման անհրաժեշ­տու­թյունը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազ­մավարա­կան նշանակությամբ և զարգացմամբ, հանրապետությունում բուծվող ոչխարների ու այծերի տոհմային (ցեղայնության) և արտադրատնտեսական ցուցա­նիշների բարելավման, ճյուղի վարման ինտենսիվացման, ինչպես նաև արտաքին շուկայում մրցակցային դիրքի կայունացման և կենդանի ոչխարի և/կամ ոչխարամսի և այծի պանրի արտա­հանման ծավալների ավելացման անհրաժեշտությամբ։

 Համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պարենային հաշվեկշռի տվյալների հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս, ինչը վկայում է այն մասին, որ ճյուղն ունի արտահանման մեծ ներուժ։

«Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների հանրապետությու­նից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետու­թյունը, Արաբա­կան Միացյալ Էմիրությունները, Կատարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցա­նիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար»,- նշված է նախագծում:

Ըստ նախագծի` մյուս կողմից գենետիկական ռեսուրսների բազմազանությունը հիմք կարող է ծառայել կենդանիների նոր ցեղերի ստեղծման համար, որոնք օժտված կլինեն մթերատվության բարձր հատկանիշներով և տեղի բնական պայմաններին լավ հարմարվողականությամբ։

«Հաշվի առնելով, որ բնական կերահանդակներով լի տարածաշրջան­ներում արտադրության հիմնական միջոցներից մեկը հանդիսանում է ոչխարա­բուծությունը, ուստի վերջինիս զարգացումը կնպաստի նաև գյուղական բնակչության զբաղվա­ծության և բարեկեցության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ մթերքների արտադրության ծավալների ավելացմանը»,- ասված է նախածում:

 Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնա­վորապես՝ մատչելի վարկավորման պայման­ների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծու­թյան ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղ­ծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբու­ծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։ Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծա­բու­ծությամբ զբաղ­վող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջե­րավոր կենդանիներ (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ),կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։  Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշ­ներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալ­ները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերու­թյան մակար­դակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

 2019 թվականին ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի խնայված միջոցների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]