Հասարակական

ՃՈ-ն ուժեղացված ծառայության իրականացմանը ներգրավել է ուղղաթիռ

2 րոպեի ընթերցում

ՃՈ-ն ուժեղացված ծառայության իրականացմանը ներգրավել է ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 14-ին աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը:

Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:

Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:

ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում:

Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում