Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպական միության կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են և բխում են սրտից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Հանրապետական գվարդիայի նվագախմբի և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարմամբ երկու երկրների օրհներգերի հնչյունների ներքո նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը:

«Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի: Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգիան ուղղվում  լավ ապագայի կառուցման համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանի խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում  երկու երկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել, և իրենք ուրախ են նոր հիմքեր դնել հարաբերություններում:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ ժողովրդի, կառավարության և անձամբ իր անունից սրտանց շնորհավորեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Նա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի հանդեպ հայերը տածում են առանձնահատուկ զգացմունքներ: Փոխվարչապետն անգնահատելի համարեց բարեկամ Ֆրանսիայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող կենսական հարցերում։ «Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի շարունակական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հայ ժողովուրդը շատ բարձր է գնահատում նաև ապրիլի 24-ը ֆրանսիական հանրապետական օրացույցում ներառելը՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել հայ ժողովրդի խորին շնորհակալությունը»,- ասաց Գրիգորյանը:

Նա վստահություն հայտնեց, որ բարեկամության դարավոր ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ։             

Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, դեսպաններ, դիվանագետներ, մշակութային գործիչներ: Դեսպանատան հրավերով Հայաստանում հյուրախաղերով գտնվող Հանրապետական գվարդիայի նվագախմբի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգերը: Հայաստանի օրհներգը կատարած՝ Ֆրանսիական բանակի երգչախմբի բարիտոն Ժերեմի Դելվերը բոլորին հայտնի է 2018-ի հոկտեմբերին Փարիզի Ինվալիդների պալատում Շառլ Ազնավուրին մատուցվող հարգանքի տուրքի ժամանակ կատարած «Հայկական վալս» երգով:

Դելվերը լրագրողների հետ զրուցում նշեց, որ օրհներգը սովորելու հարցում իրեն շատ է օգնել Արմեն Շմավոնյանը, որը Ֆրանսիայում երաժշտական ոլորտում հայտնի է: Անդրադառնալով «Հայկական վալս»-ին՝ նա նշեց, որ ֆրանսիացի երգչի համար հայերենը իսկապես շատ դժվար էր: Սակայն այդ հարցում կրկին Շմավոնյանն է օգնել:

Հանրապետական գվարդիայի նվագախումբը համերգով հանդես կգա նաև հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյանի համերգասրահում» և հուլիսի 14-ին, ժամը 20:00-ին՝ Մասիսի Ֆրանկոֆոնիայի պուրակում:

«Մենք հույս ունենք, որ վաղվա համերգին հանդիսատեսը մեզ կրկին ջերմորեն կընդունի, և վստահ ենք, որ շատ լավ կանցնի: Այսօր արդեն առաջին փորձն արել ենք»,- ասաց Ժերեմի Դելվերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ