Հասարակական

Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզը պատրաստվում է նոր ներդրումային ծրագրերի. Մասիսում շահագործման հանձնվեց Ֆրանկոֆոնիայի զբոսայգին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Մասիս քաղաքում շահագործման հանձնվեցին Ֆրանկոֆոնիայի զբոսայգին և ընտանեկան մարզահամալիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համալիրը կառուցվել է Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan Family Foundation for Advancement) բարեգործական կազմակերպության աջակցությամբ:

Մասիսի զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանը նշեց, որ նախագիծը ևս մեկ առիթ է հայրենիքի ու ծննդավայրի հետ կապն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու համար:

«Մենք այստեղից ենք, իմ և քրոջս մանկությունն անցել է այստեղ: Ես ծնվել եմ Հայաստանում, 4 տարի ապրել ենք Մոսկվայում, հետո Փարիզում, բայց փորձում ենք հնարավորինս հայերենը չմոռանալ, շատ հաճախ գալիս ենք և տարին երկու անգամ մեր հանգիստն անցկացնում ենք Հայաստանում, մեզ համար դա շատ կարևոր է: Մենք որոշել ենք, որ ամենաճիշտը երեխաների համար խաղահրապարակ ստեղծելն է, այդ պատճառով որոշել ենք ստեղծել սպորտային համալիր և մանկական խաղահրապարակ, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ժամանակը: Օրական հարյուրավոր երեխաներ են գալիս այստեղ իրենց ժամանակն անցկացնելու: Ունենք նաև մշակութային կենտրոն, որտեղ երեխաները շախմատ են խաղում, ֆրանսերեն են սովորում և թատերական խմբակ են հաճախում»,- ասաց Ադիբեկյանը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ մարզում նախատեսվում են իրականացվել նաև մի շարք այլ ներդրումային ծրագրեր:

«Ներդրումներ են լինում ոչ միայն բիզնես շահույթ հետապնդող, այլ նաև սպորտային միջոցառումների, ընտանեկան հանգստի համար: Լինում են նաև բարեգործական և խոշոր մասշտաբների ներդրումներ: Այս պահին, ինչպես բիզնես համաժողովի ընթացքում ներկայացրինք, սկսվել են արդեն գյուղատնտեսական շուկայի կառուցումը, և առաջիկայում ունենք մեկ ավելի մեծ խոշոր նախագիծ, որի մասին կխոսենք, երբ կսկսենք»,- նշեց Սարգսյանը:

Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը Արարատի մարզի Մասիս քաղաքում ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ընտանեկան մարզահամալիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ներառում մինի-ֆուտբոլի, բասկետբոլի բացօթյա երկու մարզահրապարակ, մանկական հրապարակ, բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում