ՀՀ նախագահը հանդիպել է անվանի հայազգի գիտնական և գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար:
Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված MRI սարքի հնարավորությունների մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի բժշկական և գիտական շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների և, հատկապես, արհեստական բանականության ոլորտում զարգացման մեծ ներուժ ունի և առաջարկել է դիտարկել հայ մասնագետների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում