Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանի համար աշխարհի մասին շատ կարևոր հարցերի պատասխաններ ստանալու հարթակ է. ՀՀ նախագահ

«Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանի համար աշխարհի մասին շատ կարևոր հարցերի պատասխաններ ստանալու հարթակ է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» շատ կարևոր հարթակ է ՝քննարկելու աշխարհում առկա մի շարք խնդիրների, անորոշությունների լուծումներ: Հայաստանի համար այն նաև շատ կարևոր է ՝ հասկանալու, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց և գծելու մեր ուղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովի»-ին իր ելույթում:

Նախագահ Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովը» համեմատեց Նոյի տապանի հետ, որով նոր սկիզբ էր դրվել: «Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես տեսնում եմ ջրհեղեղի նշաններ շատ տեղերում, տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։ Այս ամենը հիշեցնում է, որ կան ջրհեղեղի նշաններ և մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Մենք սխալ ենք վերաբերվում մեր բնությանը։ Համաշխարհային քաղաքականությանը նայելիս տեսնում ենք, որ աշխարհում հսկայական անորոշություններ կան՝ կապված Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ, Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնուց վերադարձող գաղափարներով։ Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ինչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք կարողությունը երկխոսելու։ Այս տեսանկյունից «Մտքերի գագաթնաժողովը» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը»,-ասաց նախագահը:

Սարգսյանը նշեց, որ Հայաստանի համար այդ հարթակում շատ կարևոր է լսել, թե ինչ է ասում աշխարհը, «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հարց՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել, ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ինչպե՞ս պետք է անենք։  Նախագահը նկատեց, որ դրանք գլոբալ հարցեր են, սակայն առնչվում են նաև Հայաստանին, քանի որ շատ կարևոր է  իմանալ, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեծ ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովը» համարեց նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից։ Այն մի թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին։ Նա նշեց՝ այն մշտապես անցկացվել է մի հրաշալի վայրում՝ Շամոնիում, Մոնբլան լեռան մոտ։ Նախագահը կազմակերպիչ Թիերի Մալըրեին և գործընկերներին համոզելը այն Շամոնիից դուրս տեղափոխել, և ընտրել Հայաստանը, որպես հաջորդ ուղղություն, մեծ պատիվ համարեց։  «Մտքերի գագաթնաժողովը»-ի հարկի տակ ամեն տարի հավաքվում 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին: Նախագահի կարծիքով՝ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա Հայաստանի մասին, իսկ Հայաստանն էլ՝ աշխարհի մասին։  Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ  Թիերի Մալըրեին «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան բերելու համար, նա հույս հայտնեց, «Մտքերի գագաթնաժողովը» մշտական կդառնա և ամեն տարի կկազմակերպեն:

Միջոցառման մասնակիցների շարքում են 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am