Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով պահանջում են կենդանաբանական այգու տնօրենին ազատել աշխատանքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ անձինք հունիսի 7-ին բողոքի ակցիա կազմակերպեցին` պահանջելով աշխատանքից հեռացնել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցարարները պարզեցին «Բացահայտել կենդանասպանին», «Պահանջում ենք հեռացնել պաշտոնից», «Արժանապատիվ կենդանաբանական այգի» և այլ գրություններով պաստառներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ կենդանաբանական այգին սխալ է կառավարվում և դրա արդյունքում կենդանիների անկում է տեղի ունենում:
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանին և խնդրեցին այն փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծանոթացնելու կենդանաբանական այգու խնդրին: