Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է վերանայել խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեություն ծավալողների ողջ համակարգը

2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է վերանայել խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեություն ծավալողների ողջ համակարգը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այսուհետև իր աշխատանքներն ավելի շատ կենտրոնացնելու է խոշոր աղտոտողների և ապօրինի գործունեության կանխման վրա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«ՀՀ-ում բնապահպանական վճար վճարող տնտեսավարողների ավելի քան 90 տոկոսը տարեկան մոտ 100 հազար դրամ պակաս է տալիս, իսկ 70 տոկոսը՝ 20 հազար դրամ պակաս»,- տեղեկացրեց նախարարը և հավելեց, որ նրանք այն տնտեսավարողներն են, ովքեր ոչ ֆինանսական և ոչ էլ բնապահպանական առումներով էական ազդեցություն չեն թողնում:

Նրա խոսքով՝ ՇՄ նախարարության և հարակից այլ կառույցների կողմից զգալի ռեսուրսներ են ծախսվում այդ իրավահարաբերությունների վերահսկման, մոնիթորինգների համար:

«Մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերանայել այդ ամբողջ համակարգը և հիմնական ուշադրությունը դարձվելու է մոտ 30-40 խոշոր աղտոտողի և ապօրինի գործունեության կանխարգելմանը»,- շեշտեց Գրիգորյանը:

Նա անդրադարձավ նաև վերջերս ՀՀ Կառավարության կողմից ընդունված ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերի փոփոխություններին, որտեղ տեղ էր գտել նաև ապօրինի անտառհատումների կետը:

«Բոլոր այն օրենսդրական հնարավոր սողանցքները, որ եղել են՝ փորձել ենք փակել և առավելագույնս վերահսկել այդ գործողություններն ու կանխարգելել ապօրինի անտառհատումները»,- շեշտեց ՇՄ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում