Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հինգ տասնյակ շնորհալի պատանի մեկ բեմում. Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը

 Հինգ տասնյակ շնորհալի պատանի մեկ բեմում. Երևանում կանցկացվի «Նոր անուններ» 
պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 1-4-ը կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը: Այն նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը, որի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը նշեց, որ փառատոնին  այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Իսպանիայի, Վրաստանի մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ:

«Այս փառատոնով նշանավորվում է «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 30-ամյակը: Սպիտակի երկրաշարժից հետո Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ սկսեց իրականացվել այս ծրագիրը, որի նպատակն էր բացահայտել պատանի տաղանդներին: Այս տարիները հագեցած են եղել բազմաթիվ համերգներով, հյուրախաղերով»,-ասաց Նոնա Ոսկանյանը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ 18.00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 2-ին և 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը,  ինչպես նաև հունիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները:  Փառատոնի  հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի  ղեկավարությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ փառատոնն ամեն տարի ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը:

«Ամեն տարի մասնակից երկրների թիվն է ավելանում, դրանից բացի, նկատվում է փառատոնի ծրագրի թարմացում, այն դառնում է ավելի հետաքրքիր ու բովանդակալից: Նախարարությունն իր գործունեության մեջ կարևորում է ծրագրերի շարունակականությունը, այս փառատոնով մենք կարող ենք ասել, որ ընթացքը, զարգացումը տեսնում ենք: Բարի երթ ու նոր անուններ ենք մաղթում փառատոնին»,-ասաց Լիլիա Նիկոյանը: 

Յոթերորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները, ամերիկյան աստղերի հետ համատեղ, մասնակցում են «Հայաստանի Մանուկներ» (COAF) հիմնադրամի Նյու Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա-համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր: Հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Իգիթխանյանը նշեց, որ դա լավ հնարավորություն է երեխաների համար իրենց կատարումներով հանդես գալու արտերկրի հանդիսատեսի առջև:

««Նոր անուններ» ծրագրի հետ մենք սերտ համագործակցում ենք, շատ ենք կարևորում իրենց գործունեությունը, որն ուղղված է նոր տաղանդներ բացահայտելուն: Ամեն տարի Նյու Յորքում տեղի է  ունենում մեր մեծ գալա երեկոն և մենք հյուրընկալում ենք «Նոր անուններ»-ի տաղանդավոր երեխաներին: Ուրախ ենք, որ մենք հնարավորություն ունենք հարթակ տրամադրել, որ ներկայացնեն իրենց տաղանդը»,-ասաց Իրինա Իգիթխանյանը:

Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին տեսարժան վայրերին: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am