Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը

ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին 
սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայրապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը, հատկապես զինադադարից հետո,  ադրբեջանական հասարակության շրջանում՝ նախադպրոցական տարիքից սկսած հստակ հայատյացություն տարածելու քաղաքականություն է իրականացնում: Իմ ունեցած տեղեկություններով, նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ, մի օր Մխիթարյանը կխոսի ի լուր աշխարհի: Ես լիակատար սատարում եմ Հենրիխ Մխիթարյանի այդ որոշումը: Դա կշռադատված որոշում էր»,-ասաց Հայրապետյանը:

Նա հիշեց, որ Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանը փորձել է ֆուտբոլիստին մեղադրել հարցը քաղաքականացնելու մեջ, սակայն նշեց, որ հարցն ի սկզբանե քաղաքականացվել էր, երբ Մխիթարյանին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրելու սպորտի և անվտանգության միջև: «Հետևաբար, պետք է նաև ազգային ժողովից գնա այս ուղերձը, որ ֆուտբոլիստը հստակ լսի՝ սատարում ենք իր որոշումը և աջակցում ենք իր համար չափազանց ծանր պահին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա նշեց, որ, հավանաբար, խորհրդարանում հարցը ևս կբարձրացնի՝ օգտվելով հայտարարությունների ժամից և ԱԺ ամբիոնից կխոսի այդ մասին: Հայրապետյանը չբացառեց նաև, որ հետագայում խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ևս հարցը կբարձրացվի:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am