Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Քոչարյանի գործով ընթանում է դռնփակ դատական նիստ. հրապարակվելու են գաղտնի տեղեկություններ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, դռնփակ անցկացնելու առաջարկը մեղադրյալինն էր, որից հետո պաշտպանները ձևակերպեցին միջնորդությունն ու ներկայացրեցին դատավորին: Հայտարարված կարճ ընդմիջման ժամանակ լրագրողներին դուրս հրավիրեցին և գումարվեց դռնփակ նիստը:

Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Պաշտպանական կողմն առաջարկեց, որպեսզի նիստին մասնակցեն նաև Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր եկել էին դատարան և ներկայացրել անձնական երաշխավորություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ: Դատավորը, սակայն, թույլ չտվեց, որ նրանք մասնակցեն դռնփակ նիստին:

Սահակյանն ու Ղուկասյանը հեռացան դատարանից:  

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:




Այս թեմայով

... վերջին լուր "Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ