Մշակույթ

«Արմմոնո» միջազգային փառատոնում կցուցադրվի քսաներկու ներկայացում

3 րոպեի ընթերցում

«Արմմոնո» միջազգային փառատոնում կցուցադրվի քսաներկու ներկայացում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնին կմասնակցեն դերասաններ, բեմադրիչներ Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում ինչպես Երևանում, այնպես էլ` մարզերում: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 30-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն կտևի մինչև մայիսի 4-ը:

«Ծրագիրը բավականին լայնածավալ է: Փառատոնի հիմնական ծրագրերից են «Արմմոնո-դեբյուտը», «Արմմոնո-օպերան»: Կցուցադրվեն ներկայացումներ` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին»,-ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նա կարևորեց հատկապես մարզային ծրագիրն ու շեշտեց, որ փառատոնին մասնակցում է երեք մարզային թատրոն Էջմիածնից, Գորիսից և Աբովյանից: «Երեք մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում»,-ընդգծեց Մխիթարյանը:

Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանի խոսքով` փառատոնը տարեցտարի զարգացում է ապրում: «Ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում` Գորիսում, Կապանում: Նախորդ տարի ներկայացում է ցուցադրվել նաև Արցախում: Սա շատ կարևոր է մշակութային դաշտի առողջ մրցակցության ձևավորման համար ու էական է թե՛ սկսնակ, թե՛ արհեստավարժ ստեղծագործողների համար»,- նշեց նա:

Ռուսաստանից ժամանած դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովը, որի ներկայացմամբ կմեկնարկի փառատոնը, ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում:

«Ինձ համար յուրաքանչյուր ներկայացում լուրջ իրադարձություն է, իսկ փառատոնային ներկայացումը` կրկնակի»,-խոստովանեց դերասանը:

Անդրադառնալով իր «Ֆաուստ. ծես» բեմադրությանը` Մոզգալյովն ասաց, որ այն ռուսական հոգեբանական դրամատիկական թատրոնի և ֆիզիկական եվրոպական դասական թատրոնի համադրություն է: «Ժեստերի, պլաստիկ շարժումների, հայացքի, խոսքի միջոցով պատմում եմ Ֆաուստի պատմությունը»,-ասաց նա:

Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն:

Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են Յակով Շապիրոյի (Իսրայել) «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի (Ալբանիա) «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի (Ֆրանսիա) «Նիժինսկի․ Կապույտ Աստվածը»։

Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում