Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

Աննա Հակոբյանն ու Քերոլայն Նաջարյանը քննարկել են ապագա համագործակցության ուղիները

Աննա Հակոբյանն ու Քերոլայն Նաջարյանը քննարկել են ապագա համագործակցության 
ուղիները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile  ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ էի եղել Հայաստանում և Արցախում, և եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստան չէի վերադառնա: Այս երկու շաբաթվա ընթացքում զարմանալի փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, աչքերում` հույս, նրանք երջանիկ են: Այս հեղափոխությունը նրանց շատ բան սովորեցրեց և տվեց հավատ, որ նրանք կարող են շատ բան փոխել»,- ասաց Քերոլայն Նաջարյանը` ներկայացնելով այն գործունեությունը, որ ինքը և իր ամուսինը կատարել են Հայաստանում:

Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ սփյուռքը շատ մեծ դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում: «Սփյուռքը միշտ եղել է իր հայրենիքի կողքին, թե´ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե´ Արցախյան պատերազմի ժամանակ, թե´ դրան հաջորդած տարիներին և նրա աջակցությունը եղել է մեծ ու անգնահատելի: Ցավոք, միշտ չէ, որ սփյուռքի մեր բարեկամները ստացել են այն վերաբերմունքը, որին արժանի են, ինչը շատ ցավալի է: Այսօր մենք կանգնած ենք պատմական փոփոխությունների շեմին և սփյուռքը հայրենիքին կարող է օգնել ոչ թե հաղթահարել դժվարությունները, այլ աջակցել զարգացնելու հայրենիքը: Սա իրոք բացառիկ պահ է, որը պետք է բաց չթողնենք»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ուղղությունները: Կողմերը քննարկել են հիմնադրամի հետ ապագա համագործակցության ուղիները:

Հանդիպման ավարտին Քերոլայն Նաջարյանը տիկին Հակոբյանին է նվիրել իր հեղինակած «Կանչ հայրենի տնից» և «Avedis’ story» գրքերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]