Տնտեսություն

ԱԺ հանձնաժողովը ցեմենտի վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ստեղծեց աշխատանքային խումբ

3 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը ցեմենտի վերաբերյալ նախագիծը քննարկելու համար ստեղծեց աշխատանքային խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ ընդունված և թեժ քննարկումների առիթ դարձած ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելու վերաբերյալ նախագիծը մանրամասն քննարկելու համար ստեղծեց աշխատանքային խումբ: Դրանում ներգրավված կլինեն նաև ներկայացուցիչներ գործադիրից, անկախ տնտեսագետներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը հաստատվեց հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում քվեարկությամբ:

«Կար նախնական պայմանավորվածություն՝ ձևավորել աշխատանքային խումբ: Դրա կազմում նախնական կլինեն տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ, կարող են ներգրավվել նաև այլ հանձնաժողովներից պատգամավոր, կլինեն ներկայացուցիչներ գործադիր մարմնից: Քննարկումների ընթացքում պարտադիր հրավիրելու ենք նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց այս թեման առնչվում է անուղղակիորեն, հրավիրելու ենք նաև անկախ տնտեսագետների, աուդիտորների»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նա նշեց, որ բանավոր խոսակցությունների ժամանակ գրեթե բոլոր ընկերությունները պատրաստակամություն են հայտնել իրենց հետ համագործակցել, տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիան: Թունյանը հույս հայտնեց, որ աշխատանքային խումբը մինչ երկրորդ ընթերցումն արդյունավետ կգործի, վստահեցրեց, որ օրենքի շահառու ընկերությունների հետ ակտիվ համագործակցությամբ կաշխատեն կառուցողական մթնոլորտում:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:ԲՀԿ-ն առաջարկում է պետտուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք:Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկիվրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում