Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վեպը միշտ ինձ է սպասում. Գրիգը բացել է փակագծերը

Վեպը միշտ ինձ է սպասում. Գրիգը բացել է փակագծերը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների լայն շրջանակի ուշադրությանն արժանացավ «Հիսուսի կատուն» հետաքրքրաշարժ պատմվածքների ժողովածուն լույս ընծայելուց հետո, այս անգամ հարստացրել է մանկապատանեկան գրականությունը՝ հրատարակելով «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» դետեկտիվ ժանրի ստեղծագործությունը:

Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդվողներ ու հետապնդողներ, հիացում ու նախանձ, մի խոսքով՝ մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ ներկայացվում են կատուների քաղաքում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակն ասաց, որ թե՛ «Անտարես» հրատարակչությունը, թե՛ ինքը ջանք չեն խնայել, որ գիրքն ունենա մատչելի, չձանձրացնող բովանդակություն և գեղեցիկ տեսք:

- Մեր նախորդ զրույցում խոստովանել եք, որ «Հիսուսի կատուն» երկխոսություն է ձեր հոր հետ: Ո՞ւմ հետ եք զրուցել այս անգամ:

-«Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը գրելիս իմ առջև խնդիր էի դրել ստեղծել տեքստ՝ նախատեսված պատանիների համար, որը կհետաքրքրի նաև մեծահասակներին: Անցյալ տարի ես դասավանդում էի «Մտածողության դպրոց»-ում, այո՛, այդպիսի դպրոց կա, ուր հաճախում էին լուսավոր պատանիներ, ինձ թվում է՝ նրանց հետ է իմ զրույցը, նրանց և նրանց ընկերների հետ, ես գիտեմ՝ ում համար եմ գրել: Ինչո՞ւ որոշեցի գրել պատանիների համար, որովհետև հասկացա, որ այսօր մանկական գրականություն ստեղծվում է ինչքան ուզես, մեծահասակների համար՝ նույնպես, բայց  պատանիների համար, գոնե հայ իրականության մեջ քիչ տեքստեր են գրվում կամ առհասարակ չկան, բացը լրացվում է թարգմանական գրականությամբ: Ես էլ որոշեցի գրել հենց նրանց համար:

-Նախորդ գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, արծարծում է անհատին հուզող և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական խնդիրներ: Նախատեսում էիք գրքի երկրորդ մասում տեղ գտած անձնական դեպքերին ու իրադարձություններին անդրադառնալ վեպի տեսքով, այնինչ՝ ներկայացրեցիք մանկապատանեկան ստեղծագործություն

-Կատուների քաղաքի մասին պատմող գիրքը վեպից ցրվելու և մի փոքր շունչ քաշելու ստացված փորձ է: Վեպը գրում եմ հինգ տարուց ավելի, բայց վերջը դեռ չի երևում. ոչ թե ծավալն է մեծ, այլ ապրումները հաճախ այնքան ցավոտ են, որ չի ստացվում գրել: Դրա համար էլ փորձեցի ուրախ մի բան ստեղծել:

-Մի առիթով ասել եք, որ երբ ձեր հույզերն ու ապրումները հանձնում եք թղթինձերբազատվում եք դրանցից

-Վեպն անավարտ է, նշանակում է այն ինձ հանգիստ չի տալու, ես կամ դու, ասում է, ամեն օր փորձում եմ ժամանակ գողանալ՝ այն ավարտելու, ամեն օր տուն եմ մտնում՝ գիտակցելով, որ գործ ունեմ անելու, ես կամ դու, ասում է վեպն, ու ես ընդունում եմ մարտահրավերը, այսպես ամեն օր:

-Գրիգ, բազմաթիվ թատերական գործիչներ խոստովանում են, որ մեծահասակների համար խաղալն ավելի հեշտ է, քան մանուկների, որովհետև վերջիններիս դժվար է խաբել: Կարո՞ղ ենք նույնն ասել գրականության մասին:

-Չգիտեմ, գուցե այդպես է, ես գրում էի նրանց համար, որոնք արդեն մանուկ չեն, բայց դեռ մեծահասակ էլ չեն, ինձ դուր եկավ այս փորձառությունը:

-Մանկագիրների հավաստիացմամբ իրենց գործերով ցանկանում են պատգամներ փոխանցել ընթերցողներին: Դուք այդ նոր ստեղծագործությամբ ի՞նչ եք հաղորդում մանուկներին և պատանիներին. չէ՞ որ գրականությունն ի վերջո դաստիարակչական, կրթական բնույթ ունի, չնայած կան մարդիկ, որոնք պնդում են, որ այն ուղղակի ժամանց է:

-Ես հասկանում եմ գրողներին, որոնք ամեն կերպ փախչում են գրականությանը դաստիարակչական գործառույթ վերագրելուց, սակայն իմ այս վիպակը ինչ-որ տեղ հենց դաստիարակչական ստացվեց: Շատ հետաքրքիր էր համագործակցությունը նկարչուհի Արաքսյա Սարգսյանի հետ, որի նկարազարդումները եկան լրացնելու տեքստի բացերը:

- Մեր նախորդ զրույցում նշել եք, որ ձեզ անհանգստացնում է մեր երկրի, քաղաքի վիճակը: Խոսեցինք օրենքից և դրա կարևորությունից: Մենք բոլորս նախորդ տարի ականատես եղանք մեր երկրում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես գրող փոփոխություններից հետո դրական շունչ տեսնո՞ւմ եք:

- Հեղափոխությունից հետո ինձ համար կարևոր փոփոխությունը հույսն է, որ լավ է լինելու: Խնդիրներն, այո, շատ են, նշանակում է՝ հեղափոխությունն ավարտված չէ, նշանակում է յուրաքանչյուրս դեռ գործ ունի անելու. կարևորը դևին սպանելը չէ, հեքիաթներում դևին սպասելուց հետո հերոսի գերխնդիրը դև չդառնալն է: Ես հույս ունեմ:

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել մոտ ապագայում:

-Եթե «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» վիպակն ընդունվի, դուր գա ընթերցողին, կարծում եմ, որ այն շարունակություն էլ կունենա, եթե՝ ոչ, վեպը միշտ ինձ է սպասում:

Զրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]