Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  կառավարության կառուցվածքի 
փոփոխության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ և 40 դեմ ձայներով:

«Օպտիմալացման շնորհիվ մենք ուզում ենք ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի շատ արդյունքի, ավելի քիչ ռեսուրսներով հասնել ավելի մեծ արդյունքի»,- նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձավ նաև Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումներին:

«Մենք՝ իրավապաշտպաններս ու իրավաբաններս, գիտենք, որ կարծիքի ազատության իրավունքը ներառում է նաև կարծիքը ազատորեն փոխելու իրավունքը: Հանգամանքների փոփոխության պատճառով կարող է ձևավորվել նոր կարծիք: Սրանով մենք փաստում ենք մեր ժողովրդավարությունը և կոլեգիալ կառավարումով առաջնորդվելու պատրաստակամությունը»,- ասաց Զեյնալյանը:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին դեմ քվեարկեցին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

 

Նախագծի ամբողջական  ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի   նախարարության   փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]