Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով համաժողովին

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն 
ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր մասնակցել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո»  թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կազմակերպած համաժողովին մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, «ՄԱԶԾ Հայաստան» մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, համաժողովի կազմակերպիչ Կարեն Զադոյանը, այլք:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նախարար Արտակ Զեյնալյանի անունից շնորհակալություն է հայտնել  գործընկեր կազմակերպություններին համաժողովը կազմակերպելու և միջոցառման մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: Տիգրան Խաչիկյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա և յուրաքանչյուրը գործնականում ականատես է եղել կոռուպցիայի բացասական ազդեցության հետևանքներին: «Ինչպես նկատել եք, կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությունը ցայտուն կերպով արտացոլված է նաև կառավարության ծրագրում և կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով, կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Վերոգրյալի համատեքստում չափազանց կարևորում եմ նման համաժողովների կազմակերպումը և իրականացումը, քանզի սա լրացուցիչ հարթակ է ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության առաջարկություններին և մտահոգություններին, միջազգային մասնագետների կողմից ներկայացված փորձին, պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքներին »-նշել է նախարարի տեղակալը:

Փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նաև անդրադարձել է միջոցառման առանցքային նշանակությանը և նշել, որ այն բաղկացած է լինելու կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ դեր խաղացող բաղադրատարրերի վերաբերյալ քննարկումներից, մասնավորապես, գողացված ակտիվների վերականգնման մեխանիզմներ, ազդարարման համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն:

Այս համատեքստում փոխնախարար Խաչիկյանը համոզմունք է հայտնել, որ Արդարադատության նախարարությունը ներկայում հավաքագրում է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից ներկայացված կարծիքները և մոտակա ժամանակահատվածում դրանց արդյունքում նախագիծը լրամշակելուց հետո այն ևս մեկ անգամ կներկայացվի հանրային քննարկմանը: Բացի այդ, անդրադառնալով ազդարարման համակարգին, փոխնախարար Խաչիկյանը նշել է, որ առաջիկայում հանրության դատին կհանձնվի ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի հաջողման նպատակով ակնկալում է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորման առումով:

Նշենք, որ համարժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու հակակոռուպցիոն անկախ մարմնի տեսակին, ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվների վերադարձման ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, հակակոռուպցիոն կրթությանը և այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]