Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի մնա կառավարության պատասխանատվությունից

Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի 
մնա կառավարության պատասխանատվությունից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը: Չկա մի ոլորտ, որը դուրս մնա կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկն ու կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Նաև հաջողված երկրներում չկան կրկնություններ, չկա նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով, լինելու են այդ ոլորտների համար պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծերը և ներկայացնելու են նախարարին ու կառավարությունը: Եվ գյուղատնտեսության, և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացվելու է այնպես, ինչպես իրականացվել էր՝  համապատասխան մեր կողմից ստանձնած պարտավորությունների»,- ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև չկա:

«Այս պահի դրությամբ մեր կառավարությունը գտնում է, որ նախարարությունների այս ցանկով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել այն: Սա մեր քաղաքական կամքի դրսևորումն ու համոզմունքն է»,- նշեց նախարարը:

Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]