Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լայպցիգի սաքսոնական արխիվում հայտնաբերված նամակները կլրացնեն Կոմիտասի կենսագրության պատկերը

Լայպցիգի սաքսոնական արխիվում հայտնաբերված նամակները կլրացնեն Կոմիտասի 
կենսագրության պատկերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանը երկու ամիս շարունակ ուսումնասիրություններ է կատարել Լայպցիգի սաքսոնական արխիվում` գտնելով նամակներ, որոնք վերաբերում են Կոմիտասի հոդվածների հրատարակմանը և այլ հարցերի: Դրանք դեռ չեն հրապարակվում, քանի որ վերծանման կարիք ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:

«Դեռևս 2015 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել սաքսոնական արխիվների, ինչպես նաև Գերմանիայի ակադեմիական այլ հաստատությունների հետ համագործակցության համար: Այս տարվա փետրվարին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության հովանավորությամբ ես մեկնեցի Լայպցիգ և երկու ամիս աշխատանք տարա սաքսոնական արխիվում դոկտոր Թեքլա Քլուտիհի ղեկավարությամբ: Որոշակի աշխատանքներ իրականացվեցին Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտության բարձրագույն դպրոցում»,-պատմեց Լիլիթ Հարությունյանը:

Նա շեշտեց, որ Լայպցիգում գտնվում է Բրայտկոպֆ և Հերտել հրատարակչության արխիվը: Հրատարակչությունը համագործակցել է Միջազգային երաժշտական ընկերության հետ, որը հիմնվել է 1898 թվականին, և որի հիմնադիր անդամներից է եղել Կոմիտաս վարդապետը:

«Որոնումները կատարել ենք մի քանի ուղղությամբ.  առաջին հերթին ուսումնասիրել ենք Միջազգային երաժշտական ընկերության արխիվները, հետո` հրատարակչությունից ուղարկված և ստացած նամակները, աչքի ենք անցկացրել անհատական նամակագրության ֆոնդերը: Բերել ենք տարբեր թվականներին Կոմիտասին հասցեագրված հինգ նամակ: Վաղ է նամակները հրապարակել, քանի որ դրանք մշակման կարիք ունեն, որոշ ձեռագրեր դժվարընթեռնելի են ու վերծանել է պետք»,-ընդգծեց նա ու հավելեց, որ նամակները Կոմիտասի կենսագրության պատկերն ավելի ամբողջական կարող են դարձնել:

«Դրանք վերաբերում են Միջազգային երաժշտական ընկերության պարբերականներում Կոմիտասի հոդվածների հրատարակմանը, նրա անդամագրմանը, նոր անդամների ներգրավմանը, արևելյան ճյուղի ընդլայնմանը և այլ հարցերի: Երևանի արխիվներում նման նամակներ չկան»,- ընդգծեց Հարությունյանը:

Կոմիտասագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի անդամ Լուսինե Սահակյանի խոսքով` կոմիտասյան արխիվը, որը մեծ մասամբ գտնվել է Փարիզում և երևելի կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի ջանքերով բերվել է Երևան, նշանակալի նյութերով համալրվել է 1955 թվականին և այսօր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ջանքերով: «Կարևոր է Կոմիտասի յուրաքանչյուր մասունք ձեռք բերելը: Կոմիտասի՝ գիտակցության կորստից հետո ցաքուցրիվ են եղել նրա ձեռագրեըը, նամականին, որը մի քանի անգամ խնամքով հավաքվել և հրատարակվել է: Եթե մենք  ընդլայնենք Կոմիտասի կորսված ձեռագրերի աշխարհագրությունը,  և թանգարանը ձեռնամուխ լինի այդ գործընթացին, կունենանք հարստացված ու նորահայտ նյութեր, որոնք կարող են օգտակար լինել կոմիտասագիտությամբ զբաղվող երաժշտագետների համար»,- նշեց Սահակյանը:

«Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը կարևոր է, որովհետև խորհրդային տարիներին կոմիտասագիտությունն ուներ եվրոպական արխիվային նյութերի օգտագործման բացը, քանի որ եվրոպական արխիվներից օգտվելն այն տարիներին բավականին բարդ էր: Այժմ  գործընթացը հեշտացել է: Գերմանիան ուսումնասիրություններ կատարելու ամենաառաջնային շարքում է, որովհետև Կոմիտասի կրթության, հետագայում նաև գիտական գործունեության  բազմաթիվ եզրեր կապ ունեն այդ երկրի և դրա մշակութային օջախների հետ: Բնական է, որ ուսումնասիրությունները պետք է սկսեինք Գերմանիայից»,- ասաց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Մհեր Նավոյանը:

Լայպցիգում կատարված ուսումնասիրություններից հետո նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հեռանկարում այլ հետազոտություններ անցկացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am