Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում բացվեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության առաջին ակադեմիան

Երևանում բացվեց Խոհարարական արվեստի և հյուրընկալության առաջին ակադեմիան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ռեստորանային և հյուրընկալության ոլորտների բարձրակարգ կադրեր կպատրաստի ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայի համար: Ակադեմիայում կանցկացվեն խոհարարության և հյուրընկալության հատուկ դասընթացներ ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տերյան 91 հասցեում գտնվող ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվեց ապրիլի 8-ին:

«Երազում էինք ստեղծել նման հաստատություն տարիների ընթացքում մեր կուտակած փորձը սերունդներին փոխանցելու համար: Մեզ միացել են քաղաքի լավագույն խոհարարները, որոնց օգնությամբ գիտելիք ու հմտություններ ենք փոխանցելու երիտասարդներին, որոնք լինելու են մեր դեսպաններն արտերկրում, ներկայացնելու են հայկական խոհանոցն արտասահմանում»,-նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Ակադեմիայի տնօրեն Նազելի Նավասարդյանի խոսքով` պատրաստելու և վերապատրաստելու են խոհարարների, մատուցողների, սպասարկման ոլորտի անձնակազմի: «Ունենք տարբեր ծրագրեր ինչպես սկսնակ խոհարարների, մատուցողների, այնպես էլ վերապատրաստվել, կատարելագործվել ցանկացող մասնագետների համար»,-ասաց Նազելի Նավասարդյանը:  Նա շեշտեց, որ  Ակադեմիան յուրօրինակ ու բացառիկ է նրանով, որ կրթական գործընթացում լավագույն մասնագետները կիրառելու են ոչ ֆորմալ կրթության ամբողջ գործիքակազմը, իսկ աշխարհում հայտնի է, որ այն շատ արդյունավետ է:

Տնօրենն ընդգծեց, որ Խոհարարական ակադեմիայի ուսումնական ծրագրերը հաստատված և վավերացված են Մեծ Բրիտանիայի Activate Learning Group, City of Oxford քոլեջի կողմից:

Դասընթացների ավարտին մասնակիցներին կշնորհվեն City of Oxford քոլեջի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայականներ (դիպլոմներ)։

«Ճամփորդում եմ տարբեր երկրներով և շատ բան եմ տեսել. այն պայմանները, որոնք ստեղծվել են այս ակադեմիայում կրթություն ստանալու համար, աննկարագրելի են: Ակադեմիայում կա երկու կարևոր բան, որոնք կօգնեն այստեղի սաներին նշանակալի տեղ զբաղեցնել շուկայում, դրանք են` հրաշալի պայմանները և հրաշալի աշխատանքային խումբը: Ուսանողները կտեսնեն, թե ինչ է նշանակում կրթությունից անցնել աշխատաշուկա: Հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ և ուրախ եմ մեր համագործակցության համար»,-շեշտեց City of Oxford քոլեջի Միջազգային համագործակցության գծով տնօրեն Ֆրանցիս Լոուսոնը:

Ակադեմիայում իրականացվելու են տարբեր տևողության և ձևաչափերի կրթական ծրագրեր։ Հենքային ընդհանուր ուսումնական ծրագրի (Խոհարարական արվեստ) տևողությունը 6 ամիս է, վերապատրաստման հատուկ դասընթացները տևում են 1-3 ամիս, Ռեստորանային մենեջմենթ և սպասարկում դասընթացները՝ 1-2 ամիս։

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի ուսանողները կյուրացնեն ինչպես նեղ  մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, այնպես էլ ձեռք կբերեն առաջնորդության, հաղորդակցության հմտություններ,  կսովորեն օտար լեզուներ, շփման մշակույթ և խոհարարական  ու սպասարկման ոլորտներում այսօր պահանջվող այլ հմտություններ:

Ակադեմիան ուսանողներին տրամադրում է հատուկ համազգեստ, ուսումնական նյութեր, սնունդ։

Ուսումնական ծրագրերի մասնագիտական փորձառությունը (պրակտիկա) կիրականացվի Հայաստանի հայտնի ռեստորաններում:

Ակադեմիան գերհագեցած է աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով, որն առավել դյուրին և արդյունավետ կդարձնի խոհարարների աշխատանքը։

Ակադեմիայի «Լաբորատորիա» սրճարանում այցելուները և հյուրերը կհետևեն ապագա խոհարարների ու մատուցողների ուսումնառության, գործընթացին և ձեռք բերած հմտություններին։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]