Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը մատուցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի հոգեհանգստյան կարգ


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Ս. Գայանե վանքում մարտի 31-ին մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Թադեոս վարդապետ Զիրեկյանցը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվել է հոգեհանգստյան պաշտոն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ ազգային մեծ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երկարամյա նախագահ բարեհիշատակ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-օրեքի առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հոգեհանգստյան արարողությունից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին ուղղեց իր հայրական խոսքը: Վեհափառ Հայրապետը, մասնավորապես, ասաց. 
«Սիրելիներ,

Աղոթական ոգով, տխրությունը մեր սրտերում համախմբվել ենք Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան քառասնօրյա արարողության առիթով: 
Այսօրվա կիրակին անվանակոչված է Դատավորի կիրակի, որ բերում է հորդորը անձանձրույթ աղոթքով, աստվածահաճո վարքով ու գործերով քրիստոնեական հավատքը վկայելու: Հավատավոր այսպիսի ընթացքով է զարդարված հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնի երկրային կյանքը: 

Նրա մահը մեծ կորուստ է մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար: Քառասնօրյա այս շրջանում ապրեցինք և՛ կորստի ցավը, և՛ նրա պայծառ հիշատակի, թողած վաստակի մխիթարությունը: Եվ թեպետ ժամանակն ու հեռավորությունն են բյուրեղացնում անհատականությունների իրական արժեքը, սակայն Լուիզ Մանուկյան Սիմոնի գործունեության բարի արգասիքները վկայում են նրա ինքնության մեծությունը: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին քառասուն տարիներին, թե՛ դժվարին և թե՛ ուրախ պահերին, հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: 

Լուիզ Մանուկյան Սիմոնը եղավ իր ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյան նվիրյալ ամոլի ավանդների շարունակողը: Նրա նախագահությամբ նորովի արգասավորվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության առաքելությունը ի սփյուռս աշխարհի, բարի արդյունքներով զարդարվեցին նրա ձեռնարկումները կրթական, մշակութային, առողջապահական, եկեղեցաշինության ոլորտներում: 

Իր կյանքի ու գործունեության համապատկերի մեջ պայծառությամբ վեր է հառնում Լուիզ Մանուկյան Սիմոնի վառ կերպարը՝ զարդարված բարեհոգությամբ, հայրենասիրությամբ, ազգանվիրումով ու եկեղեցանվիրումով: Լուիզ Մանուկյան Սիմոնի անձն առինքնող էր` իր հոգու և ոգու ուժականությամբ, որում զուգորդվում էին սթափ ու հաստատուն միտքը և նուրբ ու բարի սիրտը: Միայն անսասան նվիրումի ու կամքի տեր անձը, ինչպիսին էր Լուիզ Մանուկյան Սիմոնը, կարող էր միաձուլել այս երկու հատկությունները: 

Ազգասեր ծնողներից ժառանգած հայրենասիրությամբ` նա անհոգնաբեկ էր ազգային կյանքն ու հայրենիքը ավելի լավը դարձնելու իր ձգտումներում ու ջանքերի մեջ՝ լինելով անչափ բարի ու կարեկից շրջապատի ու մարդկանց հանդեպ: Նա մեր ժողովրդի կողքին էր դժվարությունների ու պայքարների մեջ, ուրախությունների ու հաղթանակների ժամանակ և հենց այս կարողությամբ Լուիզ Մանուկյան Սիմոնը նույնանում է այն քչերին, ովքեր հազարավորներից առանձնանում են իրենց կատարած բարի գործերով, կրած արժեքներով և արթնացրած հույսերով: Արդարև, իր կյանքով ու գործով նա հավերժի ճամփորդ է և իր անձով ու կերպարով ոգեշնչելու է սերունդներին և լուսավորելու նրանց կյանքի ընթացքը:

Մեր սրտերը պիտի շարունակեն կրել մեր ժողովրդի արժանավոր դստեր բարի հիշատակը: Այսպիսի պահերին բառերը բավարար չեն փարատելու այն տխրությունը, որ պատճառել է մահը: Մխիթարված ենք, որ Աստված մեր ազգին պարգևեց Լուիզ Մանուկյան Սիմոնի պես արժանավոր դուստր, ով ապրեց ու արարեց և կարողացավ իր մեծ գործերի հարուստ վաստակով անմահ հիշատակ թողնել և իրենով լույս ավելացնել հայ կյանքի անդաստանում: Նրա հիշատակի առջև պիտի խոնարհվեն ազգիս զավակները սերնդեսերունդ՝ որպես երախտիք նրա անանձնական սիրո ու ամենաանկեղծ նվիրումի առ ազգը, հայրենիքն ու Եկեղեցին: 

Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի հոգին երախտարժան Իր աղախնու՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի, և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի զավակներին, թոռներին, եղբորը, հարազատներին, բոլոր վշտացյալներին և մեզ ամենքիս: «Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան Իւրոյ. զի “ոգիք արդարոց ի ձեռին Աստուծոյ են… և յոյս նոցա լի է անմահութեամբ” (Իմաստ. Գ 1,4)»: 

Խունկ, աղոթք և օրհնություն Լուիզ Մանուկյան Սիմոնի լույս հիշատակին. ամեն»: 

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ անդամներ:

Հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի հոգու խաղաղության և հանգստության համար»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ