Հասարակական

Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ

3 րոպեի ընթերցում

Անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն. IDeA հիմնադրամը ստեղծում է նոր բնապահպանական հարթակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ ClimateUturn բնապահպանական հարթակ, որի առաջնահերթություններն են անտառային ֆոնդի վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին IDeA հիմնադրամից:

Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի հետևողական համալիր զարգացման ընթացքում, հետևաբար IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական: Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում է այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում:

«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում»,- նշում է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

«Մենք համոզված ենք, որ ապագան մեզնից է կախված: Մեր ամենօրյա գործողությունների գրեթե 50 տոկոսը մենք կատարում ենք անգիտակցորեն: Ներդնելով «կանաչ» սովորություններ՝ մենք պլանավորում ենք մարդկանց ներգրավել խմբային գործողությունների կայուն մոդելներում, որոնք կարող են դրական ազդել շրջակա միջավայրի վրա»,- նշում է ClimateUturn բնապահպանական հարթակի ղեկավար Դիանա Բադեյանը:

Նախաձեռնությունը կենտրոնանալու է Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, անտառային ֆոնդի վերականգնում, էներգիայի խնայողություն՝ փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք: Նախատեսվում է նաեւ Հայաստանում սպառվող ապրանքների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորում:

IDeA հիմնադրամն ունի ենթակառուցվածքների ստեղծման եւ վերականգնման երկար տարիների փորձ, սակայն շրջակա միջավայրի խնդիրները չափազանց մեծ են, որ լուծվեն միայն մեկ նախաձեռնությամբ: Այժմ, ClimateUturn-ի թիմը վարում է ակտիվ բանակցություններ միջազգային և տեղական գործընկերների հետ: Շուտով կսկսվի կամավորների հայտագրումը, որոնք կլինեն նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում