Պաշտոնական

«Սպայկա»-ի գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ

3 րոպեի ընթերցում

 «Սպայկա»-ի գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել 15 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով իրականացված աշխատանքներին ու արտադրական գործընթացին: Գործարանում ստեղծվել է 120 նոր աշխատատեղ:

Տեղեկացվել է, որ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին: Սամբիել ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա: Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներում:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ գործարանի կողմից տարեկան մթերվելու է ավելի քան 20 մլն լիտր որակյալ կաթ: Ընկերությունը հիմնել է լաբորատորիա՝ կաթի որակի ստուգման համար:

«Մեկ տարվա ընթացքում կառուցվել է գործարան, որը նախագծվել է գերմանացի և հայ մասնագետների կողմից, օգտագործվել են պանրի արտադրության գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներ: Առաջին փուլում այստեղ արտադրվելու է բորբոսով պանիր, երկրորդ փուլում արտադրությունն ընդլայնվելու է` հասցվելով 2400 տոննայի, իսկ երրորդ փուլում կարտադրվեն պինդ, չոր և կիսաչոր պանիրներ, և արտադրությունը հասցվելու է մինչև 8400 տոննայի: Սպառման հիմնական շուկան Եվրասիական տնտեսական միության երկրներն են, ինչպես նաև Մերձավոր Արևելքի շուկաները»,-նշեց «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:

«Սպայկա»-ի գործունեության մի շարք նոր ուղղություններ ֆինանսավորել է «Ամերիաբանկը»: ««Սպայկա» կազմակերպության հետ համագործակցում ենք գրեթե տասը տարի: Աջակցել ենք այս ծրագրի իրականացմանը: Մենք ֆինանսական միջոցներ ենք ներդրել բուն արտադրության մեջ: Ինչպես արդեն հայտնի է ընդհանուր ծրագրի գումարը 15 մլն դոլար է: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ սա միակ ծրագիրը չէ, որն իրականացնում ենք «Սպայկա»-ի հետ համատեղ. զբաղվել ենք ջերմոցային տնտեսության ֆինանսավորմամբ, ֆակտորինգում ենք ակտիվ, ֆինանսավորում ենք նրանց առևտուրը»,-ներկայացրեց «Ամերիաբանկ»-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ: Երկրորդ փուլում արտադրվելու են հոլանդական ու շվեյցարական տեսակի բարձրակարգ պանիրներ: Ներդրումների ընդհանուր չափը կկազմի մոտ 30 մլն դոլար, իսկ գործարանի արտադրողականությունը դրա շնորհիվ կավելանա ավելի քան 6 հազար տոննայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում