Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Չաղտոտել ու խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին. ԱԺ նախագահը՝ համապետական շաբաթօրյակի գլխավոր ուղերձի մասին

Չաղտոտել ու խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին. ԱԺ նախագահը՝ 
համապետական շաբաթօրյակի գլխավոր ուղերձի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիրը պետք է ընկալել որպես մեկ ընդհանուր միջավայր, որն անհրաժեշտ է մաքուր պահել: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սա է համարում մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի գլխավոր գաղափարը: Ազգային ժողովի նախագահը տարածքները մաքրելուց զատ կարևոր է համարում դրանք չաղտոտելը, իսկ հասարակությունն էլ պետք է հասկանա, որ շրջակա միջավայրին պետք է խնամքով վերաբերվել:

«Երկրում մաքրությունը պահպանելու համար պետք է քաղաքացիների մոտ նման գիտակցություն արթնացնել, քարոզչական աշխատանք տանել: Պետք է երեխաներին բացատրել, որ թղթի կտորի կամ աղբի տեղը աղբարկղն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանի խոսքով, խնդրի լուծման համար իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չկա: Նա համոզված է, որ պատժի մեխանիզմից բացի, ցանկալի արդյունքի կարելի է հասնել խրախուսման ճանապարհով:

«Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կարող են մաքրության առումով հասնել 100 տոկոս արդյունքի, եթե քաղաքացիների մոտ շրջակա միջավայրը մաքուր պահելու գիտակցությունը բարձր չլինի: Հետևաբար, կարծում եմ, որ համալիր, համակողմանի աշխատանք է պետք տանել»,-ասաց Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի հետ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am