Նախարարությունն ամփոփում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականցվել է հակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այն նպատակ ունի հավաքագրելու արյան վարակի հիմնական դեղակայուն հարուցիչների վերաբերյալ տեղեկատվություն, բարելավելու բուժանձանակազմի` արյան նմուշառման հմտությունների, ինչպես նաև բուժման ընթացքում մանրէաբանական հետազոտության արդյունքների պատշաճ օգտագործման կարողությունները, զարգացնելու բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի` տարբեր տեսակի մանրէների հայտնաբերման և ՀՄԴ–ի նկատմամբ զգայունության որոշման կարողությունները, ձևավորելու ՀՄԴ-ի կայունության հսկողության ազգային համաճարակաբանական հսկողության համակարգ:
Հետազոտության արդյունքները գնահատելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով 3-օրյա այցով Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներ:
Ողջունելով հետազոտության ազգային թիմի և ծրագրին մասնակցող հիվանդանոցների ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը աշխատանքային հանդիպման ժամանակ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետազոտության արդյունքները, ծագած խնդիրները և ծրագրի շարունակության ապահովման հարցերը:
Հաջորդիվ կայացել է հետազոտության ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել են ՀՄԴ ռազմավարական ծրագիրը, վարակի հսկողության սկզբունքները, ինչպես նաև հետազոտության նախնական տվյալները:
Միջազգային և ազգային թիմի ներկայացուցիչները քննարկել են հետազոտության նախնական արդյունքների գնահատման գործընթացը և հետագա քայլերը: Արդյունքների վերաբերյալ զեկույցը մշակման փուլում է և նախատեսվում է հրապարակել 2019 թվականի ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում