Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է 
արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա: 

«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել գերեզմանոցի նպատակաուղղված ոչնչացում, որտեղ եղել են հազարավոր միջնադարյան հայկական գերեզմանաքար-հուշարձաններ՝ խաչքարեր: 

Հուշարձանների և տեսարժան  վայրերի պահպանության միջազգային խորհրդի, արևմտյան լրատվամիջոցների և հայկական աղբյուրների համաձայն՝ հայկական մշակույթի հնագույն հուշարձանների ոչնչացումը նախաձեռնել են Ադրբեջանի իշխանությունները: Հայկական գերեզմանոցում եղած բոլոր խաչքարերը ոչնչացրել են ռազմական հագուստով մարդիկ՝ շինարարական ծանր տեխնիկայի օգնությամբ: Տապանաքարերի խոշոր բեկորները վերամբարձ կռունկների օգնությամբ դրել են վագոնների մեջ և երկաթուղով տարել են, հավանաբար, հետագայում որպես շինարարական նյութ օգտագործելու նպատակով: Հուշարձանների ավելի փոքր բեկորները բեռնել են բեռնատարների մեջ և թափել Արաքս գետը: Ջուղայի գերեզմանատունը, որը հայկական մշակույթի մեծագույն հուշարձաններից մեկն էր, վերածվել է հրաձգարանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է դիմումի մեջ: 

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված վանդալիզմի ակտը համաշխարհային հանրության կողմից չի արժանացել խիստ դատապարտման, դրան չեն հետևել որոշիչ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, որը կազմակերպել  է բարբարոսական ցեղասպանությունը հայկական մշակույթի նկատմամբ: «Հայկական խաչքարերը 2010 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում: Այժմ բոլորն են ընդունում, որ հայկական խաչքարերը համաշխարհային արվեստի գլուխգործոց են: Աշխարհի խոշորագույն թանգարանները պատիվ են համարում իրենց հավաքածուներում գոնե մեկ խաչքար ունենալը»,- ասված է դիմումի մեջ: 

Խորհուրդը հիշեցնում է, որ մինչ ոչնչացումը Ջուղայի հայկական գերեզմանատունը միջնադարյան խաչքարերի ամենամեծ գերեզմանոցն է եղել. 20-րդ դարի սկզբում այնտեղ եղել է 6 հազար խաչքար: 20-րդ դարի վերջին դրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 3 հազարի: 

«Եվ ահա 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբին ադրբեջանցի վանդալները ավարտին հասցրեցին իրենց կեղտոտ գործը:  Հայկական այդ հուշարձանների երբեմնի գեղեցկության և դրանք կերտած վարպետների տաղանդի մասին են վկայում ընդամենը պահպանված նկարները: Վանդալիզմն ավելի քան ակնհայտ է: Հարգելի տիկին Ազուլե, Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը ներկայիս Ադրբեջանի տարածքում  հայկական մշակույթի և արվեստի հուշարձանների նկատմամբ և Ձեզ կոչ է անում գնահատական տալ  Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը: Նաև խնդրում ենք Ձեզ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման երևույթներն ապագայում չկրկնվեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ  ամբողջ աշխարհում, քանի որ յուրաքանչյուր ազգի գլուխգործոցներն անկասկած, ողջ մարդկության ձեռքբերումն են: Ակնկալում ենք Ձեր կառուցողական  պատասխանը»,- նշված է դիմումի մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]