Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Ապրիլ

Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանը հատած ՀՀ քաղաքացուն, որն ունի հոգեկան խնդիրներ

 Ադրբեջանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց սահմանը հատած ՀՀ 
քաղաքացուն, որն ունի հոգեկան խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝  սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։

Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:

Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ:    

Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի:

2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ