Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցրել է հացադուլը

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմփրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 23-ին՝ հացադուլի 21-րդ օրը, դադարեցրել է այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ռեժիսորը  գրառում է արել  իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ՝ ուշ երեկոյան, վերջին օրերին երրորդ անգամ Մատենադարան այցելած նախարար Արայիկ Հարությունյանի հետ շուրջ մեկ ժամ քննարկեցինք հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթը»։ Նախարարի հետ համաձայնեցրինք քայլերի հաջորդականությունը, որ ենթադրաբար պետք է հանգեցնի հարցերի կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Այցի ավարտին ես առաջարկեցի նախարարին գրավոր փաստաթղթի վերածել մեր «ճանապարհային քարտեզը», հանդիպումների ժամանակացույցի և ձևաչափի ամրագրումով։ Նախարարն ասաց, որ բանակցությունների արդյունավետ ընթացքի համար կարևոր է, որ կողմերը հավասար պայմաններում լինեն, ես՝ ֆիզիկական և հոգեպես կայուն։ Պայմանավորվեցինք, որ գործողությունների պլանը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո, ազատամարտիկ Մհեր Մազմանյանն ու ես, կդադարեցնենք հացադուլը»,-նշել է Գալստյանը:

Նա հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 23-ին՝ իր հացադուլի 21-րդ օրը, նախարարի օգնական, բանակցությունների դրական ընթացքի համար մեծ ջանքեր գործադրած Դավիթ Դանիելյանը, Մատենադարան է բերել նախարարի կողմից վավերացված պլանը։ 

«Մհերն ու ես դադարեցրեցինք Հացադուլը։ Առաջին հանդիպումը նախարարի հետ տեղի կունենա շաբաթվա սկզբին։ Ենթադրաբար, հանդիպումները կշարունակվեն մինչև մարտի առաջին տասնօրյակի ավարտ։ Նույնքան էլ պետք է հացադուլից վերականգնվելու, ֆիլմի աշխատանքներին վերադառնալու համար։ Մարտի 12-13-ին կհրապարակենք բանակցությունների արդյունքները՝ ասուլիսով։ Անչափ ուրախ եմ տուն վերադառնալու, հարազատներիս գրկելու երջանկությունը կրկին վայելելու համար։ Կրկնակի ուրախ եմ, որ խնդրի լուծման բանալին այս պահին գտնվում է նախարար Արայիկ Հարությունյանի ձեռքում, ում անկողմնակալությունն ու խոսքը հարգելու կարողությունը կասկածի տակ չէ և ով՝ մոտ ապագայում, կստանձնի մշակույթի կառավարման լիարժեք պատասխանատվությունը։ Շնորհակալ եմ Մհեր Մազմանյանին անձնուրաց արաքի համար։ Շնորհակալ եմ Վահան Արծրունուն ՝ հանդիպումներին նպաստելու համար։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության, մարդասիրության բացառիկ պահերի համար։ Առողջություն բոլորիս ծնողներին։ Անչափ Շնորհակալ եմ»,-եզրափակել է ռեժիսորը:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլ էր իրականացրել: Ինը օր  հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն  միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել  կատարողականի մասին: Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։ Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]